Ամսանուններ. Ինչ են խորհրդանշում


Ընդհամենը 36 օր եւ հրաժեշտ կտանք 2011-ին, որի յուրաքանչյուր օրը լի էր առանձնահատուկ զգացումներով: «Ապրել» ենք գրեթե բոլոր ամիսները, նրանցում թողնելով համեղ հիշողություններ, բայց երբեւէ հարց տվե՞լ եք ձեզ, թե ինչո՞ւ օրինակ մարտ կամ ապրիլ, փետրվար կամ հուլիս: Ի՞նչ են նրանք նշանակում եւ խորհրդանշում:

Նկատած էլ կլինեք, որ ամսանունները բոլոր լեզուներում գրեթե նույնն են՝ նույն կերպ են գրվում, հատկապես՝ արտասանվում:

Հայերենում գործածվող  ամսանուններից ոչ մեկը հայերեն չէ: Հնում հայերը գործածել են այլ անուններ. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ եւ այլն, որոնք Աստվածների անուններ էին կամ կապված էին եղանակի, գյուղատնտեսական աշխատանքների հետ:

Այժմ գործածական ամսանուններն ունեն հռոմեական ծագում, կապվում են հին աշխարհի պատմության, պատկերացումների եւ աշխարհայացքի հետ: Քանի որ հռոմեացիների նոր տարին սկսվում է մարտից, մենք էլ սկսենք մարտից:

Մարտ: Գարնան առաջին ամիսն է, որ կոչվել է պատերազմի, դաշտերի ու հոտերի Աստված Մարսի անունով:

Ապրիլ: Բնությունն արթնանում է ասես, օրերը տաքանում են, դառնում արեւոտ, գարունն իրականում  սկսվում է ապրիլին եւ ապրիլ նշանակել է տաք, բացող, սկսող:

Մայիս: Ծագել է հողի, գարնան Աստված Մայնի անունից:

Հունիս: Պտղաբերության, անձրեւի ու բերքի Աստվածը  Հռոմում կոչվում էր Յունոն, որից էլ Հունիս ամիսը:

Հուլիս: Ամիսն այսպես է կոչվել  ի պատիվ հռոմեական նշանավոր զորավար Հուլիոս Կեսարի:

Օգոստոս: Հին Հռոմի նշանավոր միապետներից է եղել Օգոստոսը, ում անունով էլ կոչվել է ամիսը:

Սեպտեմբեր: Եթե նոր տարին սկսվում է մարտին, ապա սեպտեմբերը դառնում է յոթերորդ ամիսը: Իրոք, սեպտեմբեր նշանակում է յոթերորդ:

Հոկտեմբեր: Լսե՞լ եք օկտավա, օկտետ բառերը, որ նշանակում են ութնյակ: Դրանց, ինչպես եւ հոկտեմբեր բառի արմատը լատիներեն օկտո բառն է, որ նշանակում է ութ, իսկ հոկտեմբերը ութերորդ ամիսն էր:

Նոյեմբեր: Սա էլ նշանակում է իններորդ:

Դեկտեմբեր: Նշանակում է տասներորդ: Հիշեք դեցիմետրը, որ նշանակում է մետրի տասներորդ մասը, դեկադա բառը, որ նշանակում է տասօրյակ:

Հունվար: Հին հռոմեացիների արեւի եւ լույսի Աստվածը Յանուսն էր, որի անունով էլ կոչվեց հերթական ամիսը: Հունվարը  կիսում է  ձմեռը:

Փետրվար: Տարվա այս շրջանում հռոմեացիները զոհեր էին մատուցում մահացածների հիշատակին եւ ի պատիվ Փեբրուս Աստծո, եւ նրա անունով էլ կոչվեց վերջին ամիսը: