Մեռած մարմնի կենդանի հոգին (վիպակ)


Թեև արևն արդեն ծագել էր, բայց նա դեռ մրսում էր: Կանգնել էր բացատում  և դիտում էր շուրջը: Անտառի խորքերից լսվում էր գայլերի սոված վնգստոցը, որից նրա վախն էլ ավելի էր մեծանում: Երկարաձիգ ծառերն իրենց սաղարթով փակում-բացում էին արևի` արշալույսի նուրբ ու փափուկ շողերը և աղջկա երեսին բոցկլտացնում  թեժ կրակ հիշեցնող կարմրադեղնավուն լույս:

Օդը մառախլապատ էր, ինչն ավելի էր շառագունում և ցրում արևի քնաթաթախ մթնային լույսը: Այնպիսի տպավորություն էր, թե կարծես նա փախել էր ինչ-որ մեկից և թաքնվել անտառի մութ խավարում, սակայն արևը գտել էր նրան ու իր նայվածքով մատնում էր: Մառախուղն այնքան ուժեղ էր և խիտ, որ բերանից դուրս եկող անտեսանելի տաքուկ օդն արագորեն վերածվում էր կարծես շոշափելի մի զանգվածի, որն ակտիվորեն միահյուսվում և զուգապարում էր մառախուղի հետ: 

Հագին մուշտակ կար, որի թևերը բավական երկար էին, սակայն դա չէր խանգարում, որ երեւար ծիրանենու ծաղկի պես նրա սպիտակ շապիկը, որի` և աղջկա մերկ վզի միաձուլումն ամբողջանում էր մի բարակ շղթայով, որ փայլում էր ճաճանչների տակ: Ուսին դեղնավուն, և ըստ երևույթի բավականին հին շալ էր գցել, որի մի ծայրը դիպչում էր գետնին: Ոտքերով սպիտակ ձյան վրա ինչ-որ անհասկանալի պատկերներ էր նկարում և նորից ջնջում մյուս ոտքով: Լայնածավալ կտավի և աշխուժորեն, բայց և խելացի վրձնի հպումից այս անգամ ոչինչ չէր ստեղծվում` ծնունդ տալով ապարդյուն վախի:

Հանկարծակի ոտնաձայները վախեցրին: Ի՞նչ անել, փախչե՞լ, բայց ո՞ւր.. Կանգնած մնաց նույն տեղում: Հեռվից եկողը ճանաչեց նրան: Եկավ, լուռ գրկեց, մեղմորեն համբուրեց այտը, տաքացրեց ձեռքերը և թևը գցելով ուսին` ուղեկցեց գյուղի կողմը: Նա Էթերիի եղբայրն էր` Ռոլանը:

Տխուր կյանքի մի տխուր պատմություն, որ ստիպել էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին գլուխ խոնարհել ամոթի առաջ և ենթարկվել ճակատագրի հարվածին:

Էթերին հղի էր: Նա մարդկային պղծության անմեղ զոհն էր դարձել և սպանվել հոգեպես, իսկ մարմնապես արդեն ոչինչ էր:

...Օրը մոտենում էր ավարտին: Նստել էր բուխարու մոտ և ոտքերն էր տաքացնում: Անթարթ և սառը հայացքն ուղղել էր կրակի խաբուսիկ խաղին:

Կրծքում սուր ծակոց զգալով` կտրուկ կուչ եկավ: Այնուհետև նորից ուղղվեց վախեցած և խորասուզվեց մտքերի մեջ: Ի՞նչ անել, սիրտն  ազատություն է ուզում, ո՞ւր փախչել, դո՞ւրս… մութ է և ցուրտ, բայց կիսատ սիրտն ազատություն  ուզում:

Գլուխը հենեց աթոռի թիկնատեղին, փակեց աչքերը` իր մեջ խեղդելու անսահման ազատության տենչն  ու ցավի հաճախակի բռնկումը: Սակայն ինչքան մթնում` ցավն էլ ավելի էր սաստկանում: Դրա մասին իմացավ  ողջ ընտանիքը, այսինքն` մայրն ու եղբայրը:

...Պառկել էր անկողնում և ձեռքերով ճանկռում էր սավանը, օձի պես գալարվում, ձգում վիզը, ոտքերը, նորից հանգստանում և նորից կատաղի շարժումներ անում: Բղավում էր բավական ուշ` խեղդելով ցավի ողջ ուժը, և չկարողանալով` միայն վերջում արձակում կատաղի մռնչյուն:

Կիսափակ աչքերի առաջ դեռ մասնատված անցնում էին այն սարսափելի օրվա հիշատակ-պատկերները, որոնք խեղդվում և մեռնում էին գեղեցիկ աչքերի արցունքների մեջ: Դրանք մերթընդմերթ մասնատվում էին ցավից արձակված ձայնից, ցրվում օդում և շարունակ ծակող ասեղների պես հալածում մարմինն ու հոգին:

Մայրը սենյակից դուրս հանեց որդուն: Ռոլանը խառնաշփոտ ու մենակ անցուդարձ էր անում սենյակում, մերթ մոտենում դռանը, մերթ` պատուհանին, անձայն օգնություն կանչում: Հետո նստեց հին բազմոցին, կռացավ և գլուխն առավ ձեռքերի մեջ…

Վեր թռավ բարձր բղավոցից և մանկան լացի ձայնից:

Բացվեց հարևան սենյակի դուռը… մայրն էր` ձեռքին բարուր: Տվեց որդուն և մղկտաց.

-Սա այժմ քո որդին է…