Ճամպրուկնե´ր... դուք ինձ խոստացել էիք ուրախություն բերել, իսկ հիմա ես նայում եմ` դասավորված շորեր, դատարկ պահարաններ, կապոցներ, որոնք ես ընդմիշտ տանելու եմ այստեղից. նրանք այլևս իրենց տեղերում չեն լինի: Սա մեր վերջին հանդիպման երեկոն է, նրանք թողնում են իրենց սիրելի տեղերը, իսկ ես` իմ սիրելի հուշերը, իմ սիրելիին... այո՛..
Ես հեռանում եմ առանց բառերի... առանց համբույրի... առանց քո գրկում վերջին անգամ վառվելու.. Հոգնել եմ գիտե՞ս, հոգնել եմ քո չխոսքից, քո չսերից...
Գոնե նայիր աչքերիս մեջ, ցույց տուր, որ քեզ համար մեկ չէ և ես կմնամ, եթե միայն ասես... բայց դու կանգնած նայում ես, այնքան դատարկ, այնքան սառը, որ մոտենալ քեզ անհնար է, կարծես դու դարձել ես իմ չսիրած այն ձմեռը, որին ես սկսեցի սիրել միայն քեզ հետ: Միթե՞ ես նորից ատել եմ սկսելու նրան... և քե՞զ... ո՛չ, ավելի շուտ նախընտրում եմ աչքերս ամուր սեղմած... փակեմ ու դուրս գամ... հեռանա՛մ... ահա ինչը կփրկի մեզ...
Ես հեռանում եմ առանց բառերի... առանց խոսքերի՝ տանելով ինձ հետ խելագարության աստիճանի հասնող ծանր ճամպրուկ... Մի ճամպրուկ` լի հուշերով, ցավ ու արցունքով, քաղցր համբույրներով ու կարոտով, ուրախ և տխուր օրերով...
Ես հեռանում եմ` թողնելով քեզ քո դատարկ լուսավորությունը, որ դեռ լուսավորելու է մութ հայացքները.......

Comments
Post a Comment