Լքված սցենար...


Ողջույն սիրելիս: Չգիտեմ էլ  անգամ լսում ես ինձ, թե ոչ, սակայն քեզ շատ կարեւոր բան ունեմ ասելու: Այնքան խոհեր ունեմ քեզ հետ կիսելու, այնքան բան կա քեզ ասելու` սիրո մասին խոսելու:

Չեզոք  մտքերով լի  գլուխս տանջում է ինձ, թվում է թե ուր որ է կպայթի դառը ցավից, դրանք կարծես պինդ սննդի պես խարսխվել են  նիհարավուն կոկորդիս եւ ինձ կյանքի ոլորապտույտ անցուղիով տանում են անցյալ` քաղցր ու անիրական հուշերիս գիրկը:

Այս պահին միայն մեկ բան եմ ցանկանում, չէ, չմտածես, թե մեկ  նվիրական երազանք ունեմ, պարզապես  այս պահին միայն ու միայն դա եմ ցանկանում` վերցնել հեռախոսը, անուրախ էկրանին հավաքել մտքումս վառ այդ 9 համարանիշը եւ սեխմել  «կանաչ» կոճակը: Ուզում եմ ամուր գրկել հեռախոսը, որպեսզի իմ ջերմությունը  հասնի նաեւ  քո բջջայինին  եւ թեեւ չցանկանալով, բայց այրող  ջերմությունից ստիպված` վերցնես հեռախոսը: Եվ գիտե՞ս  ինչ  կասեմ….կասեմ. «Բարեւ, ես եմ...»: Գիտեմ, կկախես: Չեմ հուսահատվի, նորից կփորձեմ եւ այնքան`  մինչ լսեմ քո մեղմ եւ քնքուշ ձայնը:

...Նորից եմ փորձում զանգել քեզ, բայց նյարդերս արդեն տեղի են տալիս: Հարցնում ես «ինչո՞ւ», որովհետեւ ամենուրեք  խառնվող օպերատորի ձայնն ինձ հուշում է, որ «բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս» եւ…հեռախոսս եւրեւի չի էլ նկատում, որ իր հպումը չոր պատին արդեն կայացավ եւ ինքն էլ չկա: Այնքան եմ երազել քո մասին, քո քաղցր ձայնը լսելու պահին, որ նույնիսկ փշրված հեռախոսից կարծես լսում եմ ձայնդ:

Ինձ այլ ելք չի մնում, քան սպասել, որ դու ինքդ մի օր կփնտրես ինձ:

Մտքերի մեջ խորասուզված` չեմ էլ նկատում, թե ինչպես է լույսը փոխվում խավարի: Արեւն իր տեղը  զիջում է  լիալուսնին: Նա էլ իր հերթին, հմայված եւ մեծամտացած այդ պաշտոնից` ամբողջ ուժով լուսավորում է ողջ շրջապատը եւ նույնիսկ այնքան ուժեղ, որ տեսնում եմ միջատների ուրախ  խնջույքը թփերի ստվերում:

Այս խորհրդավոր պահին ինձ ընկեր է միայն  գրիչս: Թղթի վրա  մտքիս թելադրանքով դասավորում եմ տառերը եւ մի երգ է ծնվում: Այդ երգն իմ  կյանքն է` իմ անցյալը, ներկան եւ գուցե նաեւ ապագան....Եվ եթե մի օր հանկարծ որոշես այցելել ինձ` քեզ համար կերգեմ այդ երգը...

2008թ.