Ետ նայիր զայրացած

Ավարտեցի Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի ընթերցումը: Շատերիս է ծանոթ այս գործը. Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ֆիլմն այս ստեղծագործության էկրանավորումն է: Հաջողված ֆիլմ է: Ամեն ինչ վերարտադրված է գերմանական ճշտապահությամբ. միայն մեկ տարբերությամբ... (դա էլ կարդացեք եւ պարզեք ինքներդ)։

Երեւի թե միայն այն պատճառով, որ գործողություննեը տեղի են ունենում Անգլիայում, իմ երազանքների երկրում, դա պատճառ է, որ սիրում եմ այս գործը:

Սա պատմություն է մարդկային ճակատագրերի, սիրո, ատելության եւ դավաճանության մասին: Իսկ վերջում, պարզապես ներելով նրան, ում սիրում ես, հույս է արթնանում, որ ամեն ինչ կարելի է սկզբից սկսել, նոր, մաքուր էջից…

Առաջարկում եմ անպայման կարդալ, քանի որ շատ բան կարելի է սովորել մարդկային փոխհարաբերություններից, կյանքի, սիրո եւ ատելության մասին… ժամանակն է ատել սովորել եւ սիրել անչափ ու նաեւ ներել…ներել…

Մի քանի մեջբերում գրիքից.

«Մարդիկ հեռանում են: Նրանց անվերադարձ կորցնում ես: Հիշողությանդ մեջ միայն տղամարդկանց ու կանանց անունների մի երկար շարան է մնում: Դպրոցում` Ուոթսոնը, Ռոբերտսը, Դեյվիսը: Հետո` Ջենին, Մադլենը, Հյուն...» (Ջիմի):

«Վատն այն է, որ մարդկանց ընտելանում ես: Նունիսկ ամենադատարկ, մանր-մունր բաները, որոնցով նրանք զբաղվում են, քեզ համար անհրաժեշտ են դառնում: Անհրաժեշտ ու մի տեսակ խորհրդավոր: Ինձ թվում է... ներսս... հին տիղմ է կիտված... Ոչ ոք դրա կարիքը չունի...» (Ջիմի):

«Եթե սեփական աշխարհդ չունես, ավելի լավ է ափսոսաս ուրիշի կորցրածը» (Ջիմի):

«Ով որ չի տեսել, թե ինչպես են մարդիկ մեռնում, տառապում է մանկամտության ծանր տեսակով:

12 ամիս շարունակ  ես հետեւում էի, թե ինչպես էր հայրս մեռնում: Տասը տարեկան էի: Նա իսպանական պատերազմից էր վերադարձել:  Որոշ աստցածավախ ջենթլմեններ նրան այն օրն էին գցել, որ շատ քիչ էր մնում նրան ապրելու:
Բոլորն էլ գիտեին այդ, նույնիսկ ես:  Բայց հասկանո՞ւմ եք, ստացվել էր այնպես, որ բացի ինձնից, ոչ ոք նրանով չէր հետաքրքրվում: Մեր ազգականներն այդ ամբողջ պատմությունից շփոթահար էին:  Շփոթահար եւ վրդովված: 
Ինչ վերաբերում է մորս, նրա միակ մտածմունքն այն էր, թե ինչո՞ւ  է բախտն իրեն կապել մի մարդու հետ, որն ամբողջ կյանքում ձախորդ գործեր է բռնել: Մայրս միշտ երազել էր փոքրամասնության մեջ լինել, նրանց հետ, ովքեր հաջողակ են, ձեռներեց եւ աչքի ընկնող: Մի խոսքով, բոլորս էլ սպասում էինք նրա մահվանը:  Մեր ազգականներն ամեն ամիս չեկ էին ուղարկում եւ մտահոգված էին միայն նրանով, որ հայրս մեռնի  հավուր պատշաճի՝ անաղմուկ, առանց գռեհիկ իրարանցման: 
Բայց միայն ես, միայն ես էի զգում, թե ինչ է կատարվում: Ամեն անգամ, երբ նստում էի մահրճակալի ծայրին, զրուցում նրա հետ կամ ականջ դնում, թե ինչպես է կարդում, հազիվ էի ինձ զսպում, որ հանկարծ չփզձկամ: Տասներկու ամիս հետո ես մեծացել էի ոչ թե մեկ, այլ տասներկու տարով: 
Տենդից հալումաշ այդ ձախորդ մարդու  միակ ունկնդիրը մի վախվորած տղեկ էր: Ես ժամերով նստում էի նրա նեղլիկ ննջարանում: Այդ ամենը, ինչ նրա մեջ մնացել էր կյանքից, նա փոխանցում էր ինձ՝ միայնակ, գլուխը կորցրած մանչուկիս, որը նրա ասածի կեսը հազիվ էր հասկանում: Իսկ ի՞նչ էր նրան մնացել. միայն իր հուսահատությունն ու կսկիծը. մեռնող մարդու քաղցրավուն գարշահոտը: Ես շատ վաղ հասկացա, թե ինչ է զայրույթը: Զայրույթն ու անզորությունը:  Եվ երբեք չեմ մոռանա: Տասը տարեկան հասակում ես ավելի շատ բան իմացա սիրո... դավաճանության եւ... մահվան մասին, քան դուք կիմանաք երեւնի ձեր ամբողջ կյանքում» (Ջիմի):

«Մարդ չի կարող երջանիկ լինել, եթե նրա արածը սխալ է կամ ցավ է պատճառում ուրիշներին: Հիմա արդեն ոչ մի նշանակություն չունի, բայց ես սիրում եմ քեզ, Ջիմի´, ես երբեք ոչ մեկին այնպես չեմ սիրի, ինչպես քեզ եմ սիրել» (Հելենա):

«Իմաստ չունի սիրո մեջ ինքն իրեն խաբել: Չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու, սերը ծանր աշխատանք է: Սերը ջղեր եւ հոգու արիություն է պահնջում: Եվ եթե ուժ չունես դիմանալու, որ չքնաղ, անբիծ հոգիդ տակնուվրա լինի, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես  հրաժարվես մարդկանց նման ապրելուց եւ սուրբ ձեռնադրվես: Դու երբեք չես կարող մարդ արարածի պես ապրել, ոչ այս աշխարհում, ոչ էլ մանավանդ սուրբ դառնալուց հետո» (Ջիմի):

«Միթե ես սխալվել եմ, կարծելով, թե գոյություն ունի... մտքի եւ ոգու... մի տեսակ հրավառ խիզախություն, որը փնտրում է իր կորովի նմանակին: Ամենազորեղ, հուժկու արարածները կարծես թե ամենից ավելի միայնակ են այս աշխարհում: Ինչպես ծեր արջը, որ մթին անտառում միայն սեփական հոտառությամբ է ճանապարհը գտնում: Նա մեն-մենակ է, անապահով, առանց ոհմակի: Ախր աղաղակողը միշտ չէ, որ վախկոտ է» (Ջիմի):


«… Մենք կապրենք արջի որջում ու սկյուռի փչակում, մեղր ու ընկույզ կուտենք. ամպի չափ մեծ ընկույզներ կունենանք: Մենք կպարկենք արևի տակ ու երգեր կերգենք երկուսիս մասին, ծառերի ու մեր տաքուկ կացարանի մասին:
Եվ ես իմ խենթ աչքերով կհետևեմ, որ քո մուշտակը միշտ թավամազ մնա և թաթերդ միշտ սրաճանկ լինեն, որովհետև դու ծույլ ու ցնդած արջ ես:  Իսկ դու կհետեւես, որ իմ փափլիկ պոչը մետաքսի պես քնքուշ լինի, որովհետև թեև ես աշխարհի ամենագեղեցիկ սկյուռն եմ, բայց այնքան էլ աչքաբաց չեմ:

Դրա համար էլ մենք պետք է ուշիմ ու զգույշ լինենք:  Չորս կողմը դավադիր թակարդներ են դրված ու սպասում են մեզ նման խենթուկ, չարաճճի ու վախվոր գազանիկներին…» (Ջիմի): 

Ջոն Օսբորնը ծնվել է 1929թ-ի դեկտեմբերի 12-ին, Լոնդոնում: Դրամատուրգին մեծ համբավ է բերել հենց «Ետ նայիր զայրացած» պիեսը, որ բեմադրվել  է 1956-ին:

Հեղինակին շատերը «զայրացած երիտասարդ» են  անվանել, ինչը շատ շուտով տարածվում է 50-ականներին ձեւավորված գրական  մի ամբողջ սերնդի վրա:



Պիեսում գործողություններն այստեղ են տեղի ունենում: Այս փոքրիկ սենյակում