Լացի ճանապարհը

Ծուխն արագորեն կուլ է տալիս ծխախոտս, իսկ պատերը սեւ են, թեեւ` հյուրընկալ: Ոչ ոք չի սպասում, ոչ ոք չի հրավիրել, գնացել եմ ինքնակամ:

Չէ, սիրտս կոտրված չէ ու լաց էլ չեմ լինում, պարզապես եղանակն է դեմքիս, աչքեիս տակ արցունքներ նկարում: Խաբում է ինձ, երեխայի պես խաբում, շեղում հայացքս ու արագ նկարում, որ չնկատեմ: Անկեղծ ասած երբեմն հաճելի է, նույնիսկ ձեւացնում եմ, թե չեմ նկատում, բայց թաքուն այտս, աչքս առաջ եմ բերում նկարչության համար:

…Ու մի ցավ, որ ներսից փաթաթվում է կոկորդիս, ուտում մկաններս… Երանի կողքիս մարդ չլիներ, որ գոռայի, ճչայի… արտասվեի վերջապես` բարձրաձայն, առանց ամոթի: Ուզում եմ սպանել նրան, որ ներսից փաթաթվել է կոկորդիս, ուտում է մկաններս: Ներսից դուրս է հրվում, բայց դրսից չեն կանչում… չեն ուզում: Ու այն խարսխվում է հենց կզակիս տակ: Նստում է կես ճանփին, նստում` լուռ, աննկատ:

Կզակս նիհար է ու հաստատ երկար չի դիմանա ծանրությանը: Ու հաստատ մի օր կճկվի ծանրությունից, կբացվի, ու նա ազատություն ստացած գազանի պես դուրս կվազի վանդակից: Գիտեմ, կգոռա, կաղմկի, կխանգարի, բայց նրան լսող չի լինի: Նա այնքան համարձակություն չունի, որ կարողանա բարձրաձայն բղավել, նա հաստատ կենթադրի, որ բղավում է, բայց ոչինչ էլ չի անի:

Լացն անցել է ճանապարհի կեսը…