«Ժամկետնանց երազանքներ չկան»

Աղբյուրը` www.MyNews.am

Հետաքրքրությունների եւ զբաղմունքների լայն շրջանակը զրուցակցիս դարձրել են պրպտող, հետաքրքրասեր ու համառ, իսկ այդ ամենի գաղտնիք, թեեւ նա չբացահայտեց` նպատակասլացությունն է: Իմ զրուցակիցը մուլտիմեդիա լրագրող Արթուր Հարությունյանն է:

Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել լրագրությամբ, արդյոք դա՞ էր քո երազանքը:

-Իրականում լրագրող դառնալ երբեք էլ չեմ երազել: Ամեն ինչ շատ արագ եւ միանգամից տեղի ունեցավ: Ինչպես շատերի դեպքում` ես էլ դպրոցի ավարտական դասարանում մասնագիտության փնտրտուքի մեջ էի: Կարծում էի, որ նախագծող-դիզայներ կդառնամ ու տներ կամ հագուստ կձեւավորեմ: Բայց մի թաքուն հոգեվիճակ կա ներսումս, որը սիրում է ամեն ինչ տեսնել հետեւի կողմից, այսպես ասած` բեքսթեյջը: Լրագրողը, որպես կանոն, ունի այդ ամենի հնարավորությունը: Նա կարող է լինել իրադարձությունների խառնարանում եւ ցանկության դեպքում հետեւել ամենին ցանկացած տեսանկյունից: Հավանաբար դա էր, որ ինձ համոզեց, թե ճիշտ ճանապարհի վրա եմ:

Այսօր չեմ փոշմանել ընտրության հարցում: Մենք միշտ էլ ընտրում են մասնագիտություն, բայց ոչ ոք մեզ չի արգելում զբավել նաեւ այն ամենով, ինչը մեզ նույնպես դուր է գալիս: Ես ինձ «բազմասեր» եմ համարում այդ առումով ու կարողանում եմ զուգահեռ բավարարել ցանկություններիս «շրջանակը»: Լրագրությանը զուգահեռ այսօր լողով եւ հեծանվասպորտով եմ զբաղվում, դաշնամուր եմ նվագում, մի քիչ` կիթառ, սովորում եմ Վրաստանում, կարճամետրաժ ֆիլմեր եմ նկարում մեր հարեւան երկրի համար, հասցնում եմ նաեւ անգլերենն ուսումնասիրել: Իրականում այսքանը հասցնել հեշտ չէ, բայց ամեն ինչ ցանկության, աշխատասիրության եւ համառության դեպքում տրվում է:

Ի՞նչ երազանք ես ունեցել, որը չի իրականացել:

-Իմ երազանքները սովորաբար աճում ու ավելի մարմնեղ են դառնում ամեն օր, ամեն ժամ: Կարծում եմ, դեռ վաղ է խոսել չիրականացած երազանքների մասին, քանի որ դեռ ժամանակ ունեմ դրանց իրականացմանը ձեռնամուխ լինելուն: Ի դեպ, «ժամկետանց» երազանքներ չկան: Օրինակ` մանկուց երազում էի մեծ ու եվրոպական հեծանվի մասին, ինչն այսօր արդեն ունեմ: Երազում եմ տեսնել նաեւ երազանքներիս քաղաքը` Լոնդոնը, ինչը կարծես թե «սարերի հետում» չէ:

Քո կյանքում կա՞ն փակված էջեր:

-Կարծում եմ բոլորն ունեն ու դա օրինաչափ է: Իրականում հենց փակված էջերում են վառ գույները թաքնվում:

Ինչպե՞ս ես վերաբերվում երկրում կատարվող իրադարձություններին, և արդյոք կգա՞ ժամանակ, որ կհեռանաս երկրից:

-Այն, ինչ կատարվում է` պատճառաբանված է: Ամեն անգամ ուրախանում եւ հպարտանում մեր քաղաքացիական հասարակության մարտականությամբ: Մարդիկ հենց այնպես երբեք փողոց դուրս չեն գա: Եթե պայքարում են, նշանակում է կա արդարացված պատճառ:

Անձամբ ինձ համար հայրենիքը սկսվում է ընտանիքից, որտեղ նրանք` ես էլ իրենց կողքին: Այսօր նրանք այստեղ են, ես էլ իրենց հետ եմ, թեեւ ապրում եմ առանձին: Եթե կտրուկ որոշում կայացվի, որ հեռանում ենք, ապա կգնամ, բայց վստահ չեմ, որ դրսում լավ կյանքը սկուտեղով է մատուցվում: Ամեն ինչն էլ դժվար «վարժությամբ» է ձեռք բերվում: Այստեղ էլ է հնարավոր կերտել ցանկացած կյանքը: Գուցե պահանջներս են քիչ, բայց բավարարվում եմ եղածով, չեմ զլանում նաեւ պայքարի դուրս գալուց: Դա ինքնամոտիվացնող է:

Ինքնակամ կհեռանամ միայն սովորելու նպատակով:

Ի՞նչ փուլում է քո կյանքն այժմ:

-Կդժվարանամ անգամ մի քանի բառով բնութագրել. ձեռքբերումներ, փնտրտուքներ, նվաճումներ, մասնագիտական ամենօրյա աճ, հաղթանակներ: Աշխատում եմ իմ մասնագիտությամբ, ինչը շատ կարեւոր է, զբաղվում եմ ինձ հաճելի գործերով: Եթե հարաբերականորեն կյանքը պատկերացնենք ծառ, ապա ես այն հատվածում եմ, որտեղից արդեն ճյուղերն են աճում: Հենց այդ ճյուղերին են «ծանրանալու» նաեւ պտուղները:

Հավատո՞ւմ ես, որ կա «սեր առաջին հայացքից»:

 -Սիրո մասին առհասարակ միշտ էլ դժվար է եղել խոսել: Պատահել է մի քանի անգամ ու հավանաբար, այո, կա:

Ո՞րն է կնոջ քո իդեալը:

-Չկա այդպիսինը: Մեր իրականությունում բոլոր իդեալները լղոզված են, երեւի այլընտրանքն է շատ: Ճիշտ չեմ համարում իդեալներ կերտելը, հետո սովորաբար դժվար է լինում գտնել մեկին, ով կարող է բավարարել ենթադրյալ իդեալի չափանիշները: Բայց կան մի քանի կարեւոր շտրիխներ. կինը պետք է միշտ կանացի լինի, երբեք չկորցնի նուրբ էակի համբավը, որ նախ տղամարդն իրեն վսահ զգա նրա կողքին, ու նաեւ կինը` պաշտպանված:

Ինչո՞վ ես այժմ զբաղվում:

-Այս պահին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի թիմում եմ. www.MyNews.am հանրային թղթակցության հարթակի համակարգողն եմ, իսկ Մեդիա կենտրոն նախագծում` խմբագրի օգնական: Ինչպես արդեն նշեցի սովորում եմ Վրաստանում, «Լրագրողներ հանուն խաղաղ Կովկասի» ծրագրի անդամ եմ:

Դու սիրո՞ւմ ես, թե՞ սիրված ես:

-Ամեն ինչ, բնականաբար, փոխադարձ է, բայց միշտ չէ, որ հավասակշռվում են ուժերը: Երբեմն շատ ես սիրում` քիչ սիրվում, երբեմն էլ հակառակն է: Սիրում եմ գրեթե անսահման, իսկ թե ինչքան եմ սիրված, կարծում եմ ես չէ, որ պետք է ասեմ:

Դու քեզ երջանիկ համարո՞ւմ ես, և ո՞րն է երջանկության գինը:

-Այո, երջանիկ եմ: Սովորաբար մենք երջանիկ ենք այնքան, ինչքան ուզում ենք լինենք: Այս հարցում էլ մեզ ոչ ոք չի խանգարում: Չպետք է մոռանալ իրական արժեքների մասին, գնահատել ունեցածը, սերը, որ ստանում ենք շրջապատից: Լինել շնորհակալ ու կամեցող. սա է իմ երջանկության չափանիշը: Սա այն պահն է, երբ մեզ ոչ ոք չի սովորեցնում երջանիկ լինենլու բանաձեւը, այն սովորում ենք ժամանակի ընթացքում:

Երջանկության գինն էլ իմ ամենօրյա պայքարն է հանուն հավասարության եւ արդարության: Միայն այս պայմաններում է հնարավոր լիարժեք երջանիկ լինել:

Հեղինակ` Նելլի Առաքելյան
2014