Դեպի 2015՝ առանց համեմունքների

Ողջույն, դու, որ կաս...

Երբեմն այսօրն արդեն ուշ է, պետք էր երեկ մտածել, իսկ այսօր, ահա, գործել. վազել, պտտվել, ցատկել, անհամար, անդադար... Բարձրանալ լեռան գագաթը՝ ծառ գրկած, ենթադրել, որ լեռը կյանքն է, իսկ ծառը՝ նպատակդ. վերցնել ու գնալ:

Նախորդ տարիներին երկար-բարակ էի գրում, տեսածիս, լսածիս, զգացածիս մասին: Հիմա փոխվել է. ավելի շատ մտածում եմ՝ քիչ գրում: Դժվար չէ հասկանալ, թե ինչն ինձ փոխեց, դարձրեց քչախոս, քչագիր, մեկ-մեկ էլ՝ անտարբեր. միջավայրը, մարդիկ, ժպիտները, որ արդեն ավելի հաճախ են կեղծ, բառերը, որ սովորության համաձայն խաբում են անտանելի: Ինձ փոխեց ամեն ինչ ու ամենը, ու ես գիտակցում եմ: Զարմանալի է, բայց տեսնում եմ կողքից, լսում ինձ, հասկանում, որ վերաբերմունքս այսօր լիովին այլ է մի բանի նկատմամբ, որին մի տարի, գուցե ամիս առաջ լիովին այլ էր: Եվ սա է ձեռքբերումը, այլ ոչ թե նոր մեքենան, հեռախոսը կամ աշխատանքը: Մարդն է կարեւոր՝ իր զգացածով, ապրածով, նորի նկատմամբ բացահայտ վերաբերմունքով կամ լռությամբ: 

Ժամանակ չկա կույր ձեւանալու, ասել, որ չեմ տեսնում, չեմ լսում. կյանքը կարճ է թատրոնի համար: Արձագանքել ամեն պահ ու սա ամեն օր, ոչ թե ըստ ցանկության, այլ՝ ըստ պահանջի: Վազել կյանքի հետ, կյանքին համահունչ, երբեք  չուշանալ:

Տարօրինակ տարի էր նախորդը՝ ինչպես միշտ հույզերով ու հույսերով սնված, մարդկանցով լի ու դատարկ նրանցից, լքված, մենավոր ու արդեն հին:

Ինչ էլ գրես «բայց»-ից առաջ՝ նշանակություն չունի, կա մի մեծ «բայց» ու երեք հատ կետ: ...բայց այս տարին էլ գնաց ու մնաց այն, ինչ որ կա. մարդիկ, հույզեր, հույսեր, սպասումներ: Պարզապես սկսում եմ նոր միջավայրից ու նոր մադկանց հետ: Սա էլ փորձություն է, որին ինքնակամ եմ համաձայնվել՝ ինձ ու ձեզ փորձելու համար: Ու մի որոշ ժամանակ անց կհասկանանք, դեռ պետք ենք իրար, թե չէ)

Արի սա չկոչենք ամփոփում, այլ պարզապես՝ տողեր Նոր տարուց առաջ:

Չեմ էլ խենթանում խորհուրդների համար, բայց միշտ լսում եմ դրանք՝ գոնե համեմատելու համար: Ահա իմը, կարդա, համեմատիր ու ստեղծիր քոնը: Էն՝ ինչ ասում եմ, չեմ հորինել, սեփական փորձովս ու սայթակումներով եմ բացահայտել.

Գալիք տարում ձգտիր լավագույնին եւ ստեղծիր իրական արժեքներ: Գնահատիր այն մարդկանց, ովքեր  կարիքդ ունեն ու նրանց հետ եղիր: Մի վարանիր լինել չափազանց  նրբանկատ, դա կօգնի մարդկանց ավելորդ անգամ չվիրավորել: Եթե սիրում ես, կարոտում, ասա, առանց պատճառի, ամեն օր կամ երբեք:

Սա է երջանիկ կյանքի իմ բաղադրատոմսը. եփիր կյանքդ քո գազօջախին եւ համեմիր այն սեփական համեմունքներովդ: Իսկ սեղանի շուրջ թող նրանց, ովքեր իսկապես արժանի են համտեսելու եփածդ: Կյանքի խոհանոցում համեմունքներ շատ կան, բայց մի շտապիր դրանք օգտագործել, մթերքներն առանց դրանց էլ յուրօրինակ համ ունեն: Համեմունքները խաբկանք են, եղածը կեղծելու հիանալի միջոց: Իսկ դու եղիր բնական, առողջ ու ինչպես ուզում ես!