Փոխել եմ իմ հասցեն


փոխել եմ իմ հասցեն.
արդեն սեփական տուն գնալուց եմ մոլորվում,
մոռանում փողոցը,
ինձ,
քեզ,
ու մյուսներին էլ

փոխել եմ իմ հասցեն,
որ ուրիշներից իմ տան տեղը հարցնեմ,
որ գնամ տուն ի՞նչ անեմ,
ոչ ոք չի սպասում,
մի ճաշ անգամ չի պատրաստում,
մենք,
նրանք,
ուրիշները՝ երբեք

փոխել եմ իմ հասցեն,
ու մոլորվում եմ իմ քաղաքի փողոցներում,
որոնք երբեք էլ իմ հարազատը չեն դառնա,
չեմ ուզում,
ես,
դու,
ուրիշնե՞րը՝ չգիտե՜մ

փոխել եմ իմ հասցեն,
որ առաջվանը էլ չլինեմ,
լինեմ ավելի երկար ու բարակ,
ավելի սահուն ու լիքը,
լինեմ՝ ես,
դու՝ դու,
ուրիշները՝ շատեր

փոխել եմ իմ հասցեն,
որ մոլորվեմ ու գտնվեմ փողոցներում,
նրբացքներում,
հետնախորշերում,
ու կամուրջներում,
որ ես,
դու,
նրանք,
նայեն ու ոչի՜նչ չհասկանան

փոխել եմ իմ հասցեն,
ու կորել եմ գանգուր մազերում,
իմ մոռացված մտքերում,
իմ հասցեների կոդերում,
կորել եմ ես,
դու՝ երևի,
նա՝ երբեք

Արթուր Զաքարէ
[2019]

Comments